Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ համայնքներին 2019-ի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 363,351.6 հազար դրամ:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ դրանք վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի:
Մրցույթների արդյունքում գումարի չափը կազմել է 764 մլն 385 հազար դրամ, որտեղ պետության համաֆինանսավորման մասնաբաժինմը կազմում է 363 մլն 351 հազար դրամ:
Նրա խոսքով, այս միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
«Այս պահին շինարարական աշխատանքներն ընթանում են, համայնքն իր համաֆինանսավորման բաժինը հատկացրել է, հիմա կառավարության բաժինը հատկացնելու ժամանակն է»,-ասաց Պապիկյանը:
Նա նաեւ նշեց, որ կառավարության մեկ այլ որոշմամբ շուրջ 18 համայնքների 30 ծրագրերի համար 1 մլրդ 370 մլն 563 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր կան, որից պետության մասնաբաժինը կազմում է 787 մլն 643 հազար դրամ է:
Վարչապետ Նիկոլ փաշինյանը հարցրեց, թե ինչ վիճակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին. «Հիմա այս տարի ռեալ կարողանո՞ւմ ենք այդ 10 մլրդը եւ ընդհանուր 24 մլրդ դրամի ծխրագրերն իրականացնել»:
Ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ հատված, որ եղանակային պատճառներով, տարբեր խնդիրներով պայմանավորված կմնա, կտեղափոխենք հաջորդ տարի, բայց պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: Ըստ էության դա մեր կողմից ապահովվել է: Կարողացել ենք այնքան գումար տրամադրել, որ բոլոր համայնքներից եկած հայտերն ընդունվեն: Շուրջ 483 հայտնի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամեն տարի աճը լինելու է մի քանի մլրդ դրամով ավելի»:
Վարչապետը նկատեց, որ 10 մլրդ դրամը սուբվենցիոն ծրագրերի համար պետք է լինի նվազագույնը. «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով»,-ասաց նա եւ հավելեց. «Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով եւ այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»:











