Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ, ինչ արել եմ, արել եմ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Շատ բարի տրամադրված զրույց է եղել»,-նշեց նա։
Բաբլոյանը պնդեց՝ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, ապա նոր հայտարարություն արել․ «Դիմումը միանշանակ տեսել եմ, որեւէ մեկը, որ ինձ ճանաչում է, չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու կարող եմ հայտարարություն անել, հստակ տեսել եմ»։
ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՔԾ են հրավիրվել հարցաքննության։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:











