ՀՀ վարչապետն իրավական գործընթաց է ներկայացրել, որը նախօրեին մեկնաբանել է նաեւ նրա քարտուղարը՝ կապված նախարարների աշխատավարձերի բարձրացման եւ պարգեւատրումների հետ: Այլ հարց է՝ որքանո՞վ է նման զգալի բարձրացումը նպատակահարմար եւ արդարացված: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մասնավորապես, հարց է ծագում՝ ո՞ր ոլորտներում եւ ո՞ր արդյունավետ աշխատանքի համար է նման զգալի բարձրացում իրականացվել: Կարծում եմ՝ դա քննարկման առանձին թեմա պետք է լինի»,- նշեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ նախարարների, նրանց տեղակալների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների ՀՀ կառավարության նախաձեռնած պարգեւատրումները հանրության շրջանում ոչ միանշանակ արձագանք են ստացել: Իրավիճակը սրվել է նաեւ այն պատճառով, որ տվյալ որոշումը կայացվել է գաղտնիության սկզբունքով: Առաջին անգամ այդ մասին տեղեկություն է հայտնվել մամուլում, երբ վարչապետն ու կառավարության այլ անդամներ ստիպված են եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը:











