Պետք է հասկանալ՝ ում է օգնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նա մեղադրվում է օժանդակման մեջ: Այդ պատճառով պետք է հասկանալ՝ ում է օգնել Արսեն Բաբայանը՝ Բաբլոյանի՞ն կամ Թովմասյանի՞ն: Նա, ում օգնել է, նշված չէ քրեական գործում: ՀՔԾ-ն թող քննի: Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն եւ մեզ հետաքրքրող հարցերը ուղղենք»,- նշեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ ամեն դեպքում ուշադիր կհետեւեն իրադարձությունների զարգացմանն ու բոլոր գործընթացներին:
Հիշեցնենք, որ երեկ դատարանը հրապարակել է որոշումը, որում բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը օրինախախտումներով բռնազավթել է ՍԴ նախագահի պաշտոնը:











