Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն են այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՊՆ ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Զինվորական պանթեոնում են նաեւ Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները։

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման: