Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Կիրակի այսպիսի պնդում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Միջազգային հանրությունը ոգեւորությամբ է ընդունել նրա ոչնչացման մասին լուրը, սակայն մի շարք երկրների ներկայացուցիչներ նշել են, որ նրա ոչնչացումը չարժե ընդունել, որպես ԻՊ-ի դեմ հաղթանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աբու Բաքր ալ Բաղդադին մահացած է: Նա ԻՊ՝ ամբողջ աշխարհում ամենադաժան եւ անգութ ահաբեկչական կազմակեպության հիմնադիրն ու պարագլուխն էր»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանից ելույթ ունենալով քաղաքացիներին հղած հեռուստաուղերձով: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «երկար տարիներ ալ Բաղդադիին որոնում էր», իսկ նրան բռնելն ու ոչնչացնելն իր վարչակազմի «ազգային անվտանգության բարձրագույն առաջնահերթությունն էր»:

Թրամփը պնդում է, որ ահաբեկչի գտնվելու մոտավոր վայրը հաջողվել է հայտնաբերել «2 շաբաթ» առաջ, որից հետո ամերիկացի զինվորականները ակնդետ հետեւել են նրա տեղաշարժմանը: «Գիտեք, այդ մարդիկ անչափ խելացի են: Նրանք այլեւս չեն օգտվում բջջային հեռախոսներից: Նրանք տեխնիկապես հրաշալի կոփված են: Նրանք համացանցն ավելի լավ են օգտագործում, քան աշխարհում փաստացի որեւէ մեկ ուրիշը, հնարավոր է՝ Դոնալդ Թրամփից բացի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Վերջնարդյունքում հաջողվել է հաստատել, որ զինյալների պարագլուխը իջեւանել է շենքերի համալիրի տարածքում, որից էլ, վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի խոսքով, սկսվել է ամերիկյան գործողության հիմնական մասը: Զինծառայողները այդ վայր են բերվել 8 ուղղաթիռներով, ներխուժել են համալիր եւ սկսել մաքրել այն:

Թրամփը հավաստիացրել է, որ արդյունքում ԻՊ պարագլխի հետ եղած բոլորը կա՛մ հանձնվել են, կա՛մ տեղում ոչնչացվել: Այնտեղ են եղել նաեւ 11 երեխաներ, նրանք չեն տուժել: Ինքը՝ ալ Բաղդադին այդ ընթացքում փորձել է թաքնվել թունելներից մեկում: «Նա վազել է մինչեւ թունելի վերջը՝ մեր շների կողմից հետապնդվելով: Նա գործարկել է մահապարտի գոտին՝ պայթեցնելով իրեն եւ իր երեք երեխաներին»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ԻՊ պարագլխի մարմինը ձեւախեղված էր, դրանից բացի՝ պայթյունի հետեւանքով նրա վրա էին փլվել թունելի պատերը, սակայն շուտով հաջողվել է նրա անձը հաստատելել ԴՆԹ փորձաքննությամբ: Գործողության անցկացման վայրում հայտնաբերվել են նաեւ 2 կնոջ՝ ալ Բաղդադիի կանանց մարմինները:

Այս ընթացքում ամերիկացի ոչ մի զինծառայող չի տուժել, սակայն վիրավորվել է ծառայողական շունը, որը թունելում հետապնդել է ալ Բաղդադիին: Թրամփը նաեւ ասել է, որ գործողության ժամանակ նախատեսվում էր ռոբոտի օգտագործել: Նա պետք է ալ Բաղդադիին հետեւեր թունելի խորքում, բայց իրադարձությունները զարգացել են չափազանց սրընթաց, եւ այն չի կիրառվել:

ԱՄՆ նախագահը նշել է, որ զինվորականների գործողությունները ուղիղ եթերում հեռարձակվել են Սպիտակ տան Իրավիճակային սենյակում: Թրամփի հետ միասին դրանց հետեւել են ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին եւ կոմիտեի մի քանի անդամներ, փոխնախագահ Մայքլ Փենսը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսփերը եւ մի քանի գեներալներ: