Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւան:
Պատասխանելով ադրբեջանական գազ գնելու Բուլղարիայի ծրագրերի եւ ղարաբաղյան հակամարտության հարցով երկրի դիրքորոշման մասին հարցերին՝ նախարարը նշեց, որ դա կարեւոր ծրագիր է: «Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Կայունությունը, բարօրությունը, տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնահերթություններ են ԵՄ-ի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ երկխոսությունն է: Տարածաշրջանում շատ սառեցված հակամարտություններ կան: Դա մարդկանց անվտանգության հարցն է եւ օրակարգի առաջին կետը: Շատ կարեւոր է դրանք լուծել բանակցությունների ճանապարհով՝ չսահմանափակելով տնտեսական զարգացումը: Ղարաբաղյան հակամարտության դեպքում միակ միջոցը ԵՄ աջակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորումն է: Մենք հատուկ մոտեցում ունենք Հարավային Կովկասի նկատմամբ»,- նշեց նախարարը:





























