Այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում դեռեւս չի ծրագրվում: Այս մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ տվյալ փուլում ծրագրվում է շարունակել ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումները, ինչի մասին հայտարարվել է: Պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցությունների սեղանին կոնկրետ փաստաթուղթ կա, նախարարը հիշեցրեց, որ բանակցությունների 27 տարվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի պատրաստվել, իսկ այժմ կողմերն աշխատում են սկզբունքների վրա, որոնք կոչված են ապահովելու համաչափությունը:
Մեկնաբանելով ВВС-ին տված իր հարցազրույցն ու դրա հետ կապված հայ հասարակության շրջանում տարբեր մեկնաբանությունները, նախարարը նշեց, որ կարծիքների բազմազանությունը խոսում է երկրում պլյուրալիզմի եւ ժողովրդավարության մասին:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նշված հարցազրույցում, եւ ընդհանրապես, ինքն առաջնորդվում է միջազգային հանրությանը մեսիջ ուղարկելու ձգտմամբ, որն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը: Մնացականյանը նշեց, որ անհրաժեշտ է պաշտպանել նրանց իրավունքն այսօր եւ վաղը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը՝ լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, հանդես է գալիս որպես Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավոր:











