Իրանին անհրաժեշտ է 194,6 դոլար արժողությամբ նավթ, որպեսզի հաջորդ տարի հավասարակշռի իր բյուջեն, համարում է Արժույթի միջազգային հիմնադրամը, տեղեկացնում է Reuters-ը։

Սպասվում է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացման հետեւանքով երկրում բյուջեի 4,5 տոկոս դեֆիցիտ կառաջանա՝ այս տարի, եւ 5,1 տոկոս՝ հաջորդ տարի։

ԱՄՀ-ի կանխատեսման համաձայն, Իրանի տնտեսություն այս տարի 9,5 տոկոսով կկրճատվի, սակայն ՀՆԱ-ի իրական աճը, ինչպես սպասվում է, անփոփոխ կմնա հաջորդ տարի։

«Հաշվարկվել է, որ պատժամիջոցները, որոնք սահմանվել են անցյալ տարի եւ խստացվել այս տարի, հաջորդ տարի լրացուցիչ ազդեցություն չեն ունենա»,- հայտարարել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վարչության պետ Ջիհադ Ազուրը։

Պատժամիջոցների վերականգնումից հետո իրանական արժույթի անկումը խախտել է Իրանի արտաքին քաղաքականությունը եւ հանգեցրել տարեկան ինֆլյացիայի աճի, որն, ըստ ԱՄՀ կանխատեսումների, կկազմի 35,7 տոկոս՝ այս տարի եւ 31 տոկոս՝ հաջորդ տարի։

Ազուրը հայտարարել է, որ իրանական իշխանությունները պետք է համաձայնեցնեն պաշտոնական փոխարժեքային կուրսը շուկայականի հետ, որպեսզի վերահսկեն ինֆլյացիան։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Իրանի ապրանքների եւ ծառայությունների արտահանումը կկրճատվի մինչեւ 60,3 մլրդ դոլար՝ այս տարի եւ մինչեւ 55,5 մլրդ դոլար՝ 2020թ․։