Դա աննախադեպ երեւույթ չէ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ռուսական ORSIS ընկերության հայտը մերժելու պատմությունը։ Նշենք, որ ORSIS-ը ցանկանում էր մասնակցել Հայաստանում զենքի գնման տենդերին։

«Դա տենդեր է, առաջարկության, պահանջարկի հարց է։ Մեկնաբանելու բան չկա։ Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես է եւ այդպես էլ կլինի։ Այդ ծավալի մեջ իրավիճակը մեկ ընկերության հետ  եւ մեկ գործարքով չեմ կարծում, թե այդքան շոշափելի է, որ մենք դա այժմ պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Նկատառմանը, որ այդ թեման վերջին օրերին շատ է շոշափվում Հայաստանի եւ Ռուսաստանի նորություններում, Փաշինյանն արձագանքել է․ «Եկեք տեսնենք, թե ինչ էր կատարվում տեղեկատվական հարթակում վերջին կես տարում՝ կապված մեր երկրների հարաբերությունների հետ։ Բոլորը ապոկալիպսիս էին կանխատեսում, սակայն հարաբերությունները շատ լավ զարգանում են: նաեւ շատ լավ զարգանում են իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի, վարչապետի հետ։ Հայաստանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հարաբերությունները շատ լավ են զարգանում ռուսաստանցի գործընկերների հետ»։

«Օրսիս-Արմս»-ը ռուսական ORSIS ընկերության դուստր-ձեռնարկությունն է եւ 2017-ից գրանցված է Հայաստանում։ Ընկերության համահիմնադիրներն են Գեւորգ Մանուկյանը եւ Արթուր Գալստյանը։ «Օրսիս-Արմս»-ը երկար ժամանակ ԶՈՒ-ին սպառազինություն եւ օպտիկական սարքեր է մատակարարել։ Սակայն հերթական տենդերի ժամանակ ընկերությանը մերժել էին՝ տենդերի պայմաններին չհամապատասխանելու հիմնավորմամբ։ Շրջանառվում են կարծիքներ, որ ընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանը հերքել էր նման հայտարարությունները՝ հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին են։