Արկտիկայում օզոնային շերտի ռեկորդային նվազում է եղել: Ինչպես հաղորդում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը, Արկտիկայի շրջաններում ձմռան սկզբից մինչեւ մարտի վերջը օզոնային շերտը նվազել է 40 տոկոսով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նախորդ սեզոններին Արկտիկայում  օզոնային շերտի կորուստ 30 տոկոս էր:

Օզոնը Երկիրը պաշտպանում է կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից: 1987թ ՄԱԿ-ի անդամ պետությունները Մոնրեալում կնքեցին մի արձանագրություն, որի արդյունքում զգալիորեն կրճատվեցին արդյունաբերական արտանետումները, որոնք վնասակար էին օզոնային շերտի համար: Բայց, չնայած դրան, գիտնականները պնդում են, որ վնասակար նյութերի կենտրոնացումը մթնոլորտում կպակասի միայն մի քանի տասնամյակների ընթացքում: