Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե կրկնակի կմեծանա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով զինելուց հետո: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին այսպիսի տվյալներ է զեկուցել 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը. երեքշաբթի Շոյգուն տեսչական ստուգում է անցկացրել Գյումրիում տեղակայված ռուսական բազայում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլեւն իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել է, որ «բազան ամբողջ ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով եւ սպառազինությամբ»:

Նա նաեւ նշել է, որ բազայի հրաձգարանի ենթակառուցվածքը թույլ է տալիս անցկացնել մարտական պատրաստականության բոլոր տեսակների միջոցառումների, այդ թվում զորավարժությունների ամբողջական ցիկլ:

Երեքշաբթի ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը Շոյգուին զեկուցել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում ստեղծվելու է բազմագործառնական մշակութաժամանցային կենտրոն: 2021 թվականին այնտեղ կկառուցեն նաեւ միասնական մարզական համալիր:

Ռուսական 102-րդ ռազմաբազան երկու կայազոր ունի՝ Գյումրիում եւ Երեւանում: Այն տեղակայվել է 1995 թվականին: