Հայաստանի փոխվարչապետ, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` ապրիլի 5-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղել է Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:
Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը եւ 1,54 հեկտար` թերակղզու հատվածում:
Տեղեկացվել է, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:
Ա. Գեւորգյանը կարեւորել է բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաեւ սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները: Նա մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը:
Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվել է նաեւ քննարկել լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություններ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:





























