Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Երեւանում Օվերն Ռոնա Ալպերի տարածքային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի եւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հանդիպման եւ նրանց կողմից համատեղ հռչակագրի ստորագրման հետ:

Ինչպես հայտնում է contact.az-ը, երկրի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ «հռչակագրում արտացոլված» կոչերը հարվածում են բանակցային գործընթացին: Դեսպանին հայտարարել են, որ այդպիսի «անօրինական փաստաթղթերի» ստորագրումը ստվերում է Փարիզի անկողմնակալ միջնորդական դերը: Ֆրանսիացի դեսպանին պահանջ են հայտնել այս հարցին Ֆրանսիայի ԱԳՆ-ի միջամտության եւ ադրբեջանական կողմին պարզաբանումներ ներկայացնելու մասին:

Գրոսն իր հերթին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը շարունակում է մնալ սկզբունքային եւ անփոփոխ: