Facebook սոցցանցը կվճարի բրիտանական կարգավորիչի նշանակած 500 հազար ֆունտ տուգանքը տվյալների պաշտպանության գործով, բայց իրեն պատասխանատու չի համարում խախտումների համար, ասվում է բրիտանական Տեղեկատվության լիազոր վարչության (The UK Information Commissioner's Office, ICO) հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կողմերը եկել են համաձայնության... Facebookը համաձայնել է վճարել 500 հազար ֆունտ որպես տուգանք»,- ասվում է հաղորդագրությունում։ Միեւնույն ժամանակ, կարգավորիչը ճշտում է, որ ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում խախտումների համար։

Տուգանքը կվճարվի երկրի ֆինանսների նախարարության կոնսոլիդացված հիմնադրամին։ Գերատեսչության կարծիքով՝ համաձայնությունը համապատասխանում է սոցցանցի բրիտանացի օգտատերերի շահերին։ ICO-ն եւ Facebook-ը կշարունակեն աշխատանքը՝ հավատարիմ մնալով  տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը։

ICO-ն հոկտեմբերի 25-ին 500 հազար ֆունտով տուգանել է Facebook-ին տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտումների համար։ Համաձայն գերատեսչության հետաքննության՝ Facebook-ը 2007-2014 թվականներին կոռեկտ չի մշակել օգտատերերի անհատական տվյալները՝ դրանք փոխանցելով բջջային հավելվածներ ստեղծողներին։ Դրա հետեւանքով GSR ընկերությունը անօրինական մուտքի իրավունք է ստացել 87 մլն մարդու, այդ թվում Մեծ Բրիտանիայի 1 մլն բնակչի տվյալների հանդեպ՝ առանց նրանց գիտության։ Հետագայում այս տեղեկությունն օգտագործվել է Cambridge Analytica ընկերության կողմից, կարծում են ICO-ում։

Ապրիլի 4-ին Facebook-ը հայտնել էր, որ իր 87 մլն օգտատերերի տվյալները, հիմնականում ԱՄՆ-ում, սխալմամբ են փոխանցվել Cambridge Analytica-ին: Ի պատասխան՝ բրիտանական ընկերությունը հայտարարել էր, որ ըստ համաձայնագրի՝ իրավունք ուներ ստանալու 30 մլն-ից ոչ ավելի մարդու տվյալներ:

Cambridge Analytica ընկերությունը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, անցյալ տարի հայտնվել էր սկանդալի կենտրոնում: New York Times-ը նշել էր, որ բրիտանական ընկերությունն անօրինականորեն ստացել էր Facebook-ի 50 մլն օգտատերերի տվյալները: Հավաքած տվյալների հիման վրա հետազոտողները գնահատել էին ընտրողների քաղաքական նախապատվությունները եւ նրանց գովազդ ցույց տվել, որն ուղղակիորեն եղել է նրանց հետաքրքրությունների գոտում: ԱՄՆ առեւտրի հարցերով դաշնային հանձնաժողովը Facebook-ին տուգանել էր 5 մլրդ դոլարով: