Արցախի Հանրապետության ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել: Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:
Նշենք, որ Արցախի ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, սակայն խորհրդարանը որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:
Հարակից զեկուցումներով հանդես են եկել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, իսկ կառավարության տեսակետը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Զեկուցողներին հարցեր են առաջադրել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:
Տեղի ունեցած մտքերի փոխանակությանը հանդես են եկել պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը, Արպատ Ավանեսյանը: ԱՀ «ԱԺ Կանոնակարգ օրենքով» սահմանված կարգով ելույթի հնարավորություն է տրվել նաև հրավիրված Ռաֆիկ Մարտիրոսյանին:
ԱԺ խմբակցությունների կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:





























