Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ, և բոլոր այն դիրքորոշումները, որով հանդես ենք գալիս: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները մենք երբևէ չենք դանդաղեցրել, վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, իսկ հաջորդը լինելու է շատ շուտով»,- ասաց նա, նշելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով այս պահին դեռևս հանդիպում նախատեսված չէ, սակայն ամեն ինչ հնարավոր է:

Ըստ Մնացականյանի՝ ամենակարևորն է, որ  առկա են մեր հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին՝ապահովել այնպիսի դաշտ, ձևաչափ, որտեղ համադրելի են պարտավորությունները կողմերին:  «Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը փորձի առավելապաշտական դիրքորոշումներով ստանալ ամենը, մյուս կողմը՝ ոչ, այս ամենը տանում է փակուղի: Մենք ունենք մեր դիրքորոշումը, որտեղ խոսքը վերաբերում է այնպիսի համադրության, որտեղ մեր շահերը՝ անվտանգությունը և ստատուսը, բավականին ծավալուն գաղափարներ են»:

Արտգործնախարարը նաև ընդգծեց, որ բանակցային գործընթացում որևէ փակուղի չկա, մասնավորապես՝ այն, ինչ հայկական կողմին է վերաբերում, այդ մասով որևէ փակուղի չեն տեսնում:

«Բանակցություններում փորձում ենք ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները, հուսով եմ, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից: Մշտապես աշխատում եմ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշգաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է»,- ասաց նա:

Մնացականյանի դիտարկմամբ՝ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։ Ավելին՝ կան գաղափարներ, որոնք, արտգործնախարարը հույս ունի, որ հնարավոր կլինի կյանքի կոչել:

«Մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի: Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով սահմանին գրանցված լարավածության աճին՝ նա նշեց. «Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։  Կա բոնավանդակային մասը, եւ կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի շրջանակներում քննարկվում են բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է: Էսկալացիայի նվազեցման հարցը չափազանց էական հարց է: Բայց կարող ենք տեսնել, որ ընդհանուր առմամբ կա զինադադարի խախտումների նվազում: Եւ սա մեզ համար բացրձակ կարեւոր հարց է»: