Քուվեյթի ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի սոցցանցերում պրոֆիլներ է հայտնաբերել, որոնք օգտագործվել են ստրկավաճառության նպատակով, հաղորդում է BBC-ը:

BBC-ի արաբական ծառայությունն իր հետաքննության շրջանակում մի ամբողջ շուկա է հայտնաբերել Google-ի եւ Apple-ի հավելվածներում, ներառյալ՝ Facebook-ում եւ Instagram-ում:

Նշվում է, որ տվյալ պրոֆիլներում վաճառքի համար առաջարկվել են կանայք՝ «վաճառվում է աղախին» հեշթեգով:

Ոստիկանությունը հաստատել է, որ մարդկանց վաճառքում ներգրավվածներին հանձնարարվել է հեռացնել այդ գովազդները: Բացի այդ, նրանք իրավական պարտավորություն են ստորագրել՝ խոստանալով այլեւս չզբաղվել նման գործունեությամբ:

Նմանատիպ կոնտենտ է հեռացվել նաեւ Facebook-ից ու Instagram-ից: Instagram-ի ղեկավարությունը հայտնել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնարկել մինչ հեռուստաալիքի հետաքննությունը: