Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին ուղերձ է հղել՝ նվիրված համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի նախագահը նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին՝ նվիրված տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը եւ կայունությանը»,- նրա խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Ռաբիին, «ԱՄՆ ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանային հարեւաններին»։ «Խաղաղության հասնելու համար մեզ հարկավոր է հավաքական համագործակցություն»,- նշել է նա։
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների տարածաշրջանային բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան»։
Սեպտեմբերի 23-ին Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին աջակցել Իրանի նախաձեռնությանը տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման մասին։ Սեպտեմբերի 25-ին նա ներկայացրել է «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում։ Նախագահի խոսքով՝ «կոալիցիան կստեղծվի ՄԱԿ սկզբունքների եւ խնդիրների հիման վրա՝ երկխոսության, մյուս երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու եւ մյուս պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով։




























