ԱՄՆ-ն եւ Իսրայելը, ինչպես նաեւ տարածաշրջանի մի շարք պետություններ փորձում են օգտվել Մերձավոր Արեւելքի երկրներում անցկացվող ցույցերից: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, ինչպես նաեւ տարածաշրջանի մի շարք պետություններ փորձում են օգտվել Մերձավոր Արեւելքի երկրներում անցկացվող ցույցերից, քարոզչություն են անցկացնում եւ ձգտում են կեղծ տեղեկություն հայտնել ժողովրդին»,- ասել է նա՝ նշելով «Թեհրանի համար Իրաքի իրավիճակի կարեւորությունը»: «Մեր երկրները կապված են պատմական եւ մշակութային կապերով»,- նշել է նա:
Իրաքում հոկտեմբերի սկզբից բողոքի ակցիաներ են ընթանում՝ կապված կյանքի պայմանների վատացման, գործազրկության եւ կոռուպցիայի աճի հետ: Խաղաղ ցույցերը ոստիկանության եւ զինծառայողների հետ բախումների են վերածվել: Անկարգությունների հետեւանքով մեկ ամսում երկրում զոհվել է ավելի քան 250 մարդ, 11 հազարը վիրավոր է:
Քերբելում Իրանի հյուպատոսությունն իր հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել Իրաք այցերից, այդ թվում իսլամի սուրբ վայրեր ուխտագնացությունից:




























