Չինաստանը հանդես է եկել Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր, միակողմանի պատժամիջոցների սահմանման դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացու նկատմամբ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդի որդու, ինչպես նաեւ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ:

Ցուցակում են նաեւ Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին, գերագույն առաջնորդի գրասենյակի ղեկավարությունը, քաղաքական եւ հոգեւոր գործիչներ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նոր պատժամիջոցներն անօգուտ է անվանել:

«Չինաստանը մշտապես դեմ է եղել միակողմանի պատժամիջոցներին: Մենք կարծում ենք, որ դրանք որեւէ կերպ չեն կարող լուծել խնդիրը, միակ ճիշտ ուղին բանակցություններն են»,- ասել է Գեն Շուանը:

Նա հույս է հայտնել, որ բոլոր ներգրավված կողմերը փոխադարձ հարգանքի եւ հավասարության հիման վրա կքննարկեն իրենց տարաձայնություններն ու միասին կաջակցեն տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու կայունությանը: 

2015 թվականի հուլիսին «վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը տեւեց 3 տարի: 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի դուրսբերման եւ Իրանի դեմ պատժամիջոցների թարմացման մասին: Այդ պահից ի վեր Վաշինգտոնը մեծացնում է պատժամիջոցային ճնշումը՝ փորձելով հասնելով Թեհրանի կողմից զիջումների: