Իրանի խորհրդարանը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ռուս մասնագետների կողմից սարքավորվող Բուշերի ԱԷԿ-ը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով «Իռնա» գործակալությունը:

Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ  Համիդ Ռեզա Կատոզիյանը նշել է, որ հանձնաժողովի անդամները ուսումնասիրելու են ռեակտորի վառելիքի վերալիցքավորման հիմնավորվածությունը, ինչն էլ հանգեցրել է կայանի աշխատանքների հետաձգմանը:

«Պետք է պարզել, թե օտարերկրյա կողմը որքան պարտաճանաչ է կատարում իր պարտավորությունները եւ արդյոք Իրանը հիմքեր ունի՞ բողոքելու նրանից»,- նշեց Կատոզիյանը: Նրա խոսքով` հանձնաժողովը կաշխատի երկու ամիս, որից հետո նրանք իրենց  մանրամասն ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն խորհրդարան. «Խախտումների ի հայտ գալու դեպքում դրանք անմիջապես կհանձնվեն Իրանի դատական մարմիններին հետագա քննության համար»,- ասել է պատգամավորը:

Բուշերի ԱԷԿ-ի կառուցումն իրականացնում է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: Օբյեկտի շինարարությունը ավարտելու ժամկետները  շարունակաբար հետաձգվել է հիմնականում տեխնիկական պատճառներով: