Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետ Շահինյանը եւ Հայ ավետարանչական եկեղեցիների միության առաջնորդ վերապատվելի Հովսեփ Մաթոսյանը ապրիլի 5-ին համատեղ կոչով են հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ:

Այս տարի հենց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է նշվում նաեւ Սուրբ հարության տոնը:

«Իբրեւ քրիստոնյա հավատացյալներ` ապրիլի 24-ի օրը պիտի տոնենք մեր Տիրոջ ու Փրկչի` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը, որը մարդկությանը բերեց փրկություն։ Նույն օրը, իբրեւ հայեր` պիտի ոգեկոչենք նաեւ մեր ժողովրդի վերածնունդն ու վերականգնումը` մոխիրներից ու անգութ ցեղասպանությունից։ Պիտի հիշատակենք մեր հարությունը իբրեւ ժողովրդի, որ ենթարկվեց հալածանքների ու բռնադատությունների, որոնք մոտավորապես մեկ դար առաջ սպառնում էին իսպառ բնաջնջել մեզ»,- ասել են նրանք:

«Իբրեւ քրիստոնեությունը պետական կրոն որդեգրող առաջին ազգի զավակները` դիմում եւ կոչ ենք ուղղում մեր քրիստոնյա բոլոր եղբայրներին ու քույրերին եւ բոլոր կրոններին պատկանող հավատացյալներին, որպեսզի Սուրբ Հարության տոնի օրը մեզ աղոթակից լինեն ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի օրերին ցեղասպանության զոհ գնացած ավելի քան երկու միլիոն հայերի, ասորիների, քաղդեացիների, պոնտացիների ու հույների, նաեւ աղոթենք, որ արդարությունն ու խաղաղությունը տիրեն մեր աշխարհում», - նշել են հայ երեք եկեղեցիների ներկայացոիցչները: