ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի որոշումը Ֆորդո ստորգետնյա օբյեկտում ուրանի հարստացումը վերականգնելու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունից Թեհրանին սպառնացել են «առավելագույն ճնշմամբ» եւ միջազգային հանրությանը կոչ արել հետեւել իր օրինակին:

«Ցավոք, Իրանի կողմից ուրանի հարստացումը շարունակելը զարմանք չի հարուցում: Նրանք դրանով պարբերաբար են սպառնում, սա միջուկային շանտաժի թափանցիկ փորձ է: Մենք ամբողջությամբ աջակցում ենք ԱԷՄԳ-ի միջազգային ստուգման դերին Իրանում եւ սպասում ենք, որ ԱԷՄԳ-ը կհայտնի հետագա իրադարձությունների մասին»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Ֆորդոյի վերաբերյալ որոշումը «սխալ ուղղությամբ կատարված մեծ քայլ է»:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ «Իրանը Ֆորդոյում օբյեկտը նախապես կառուցել էր որպես ուրանի հարստացման գաղտնի աշխատանքների անցկացման ամրացված ստորգետնյա բունկեր», եւ այնտեղ ուրանի հարստացման վերականգնումն անվանել է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու Իրանի փորձ»:

«Իրանը հարստացման իր ծրագիրն ընդլայնելու ոչ մի հավաստի պատճառ չունի՝ լինի դա Ֆորդոյում, թե այլ վայրերում, միակ պատճառը միջուկային շանտաժի փորձն է, որը միայն խորացնում է նրա քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը»,- ասել է նա:

«Մենք շարունակում ենք ռեժիմի վրա գործադրել առավելագույն ճնշում, մինչեւ դադարեցնի ապակայունացնող վարքագիծը, ներառյալ նաեւ չտարածմանն առնչվող աշխատանքները»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա սուտ է անվանել նաեւ Իրանի այն հայտարարությունները, թե այս քայլը շրջելի է: «Գիտելիքները, որոնք Իրանը կարող է ստանալ նոր ցենտրիֆուգում հետազոտությունների եւ մշակումների հետեւանքով, անշրջելի են: Դրանք վերջնարդյունքում կարող են կրճատել ժամանակը, որն Իրանին հարկավոր է միջուկային զենք ստեղծելու համար, եթե որոշի դրան հասնել»,- ասել է նա:

«Միջազգային հանրությունը պետք է այս հարցում միասնական լինի եւ իրանական ռեժիմին պատասխանատվության ենթարկի իր միջուկային ծրագիրը ընդլայնելու սպառնալիքների պատճառով»,- եզրափակել է նա:

Նոյեմբերի 6-ից Թեհրանը Ֆորդո օբյեկտում սկսում է ուրանի հարստացումը 5 տոկոս մակարդակով, որտեղ այս գործընթացը դադարեցվել էր միջուկային գործարքով: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտնել էր, որ այդ օրվանից սկսած Թեհրանը 4-րդ անգամ կհրաժարվի պարտավորությունների կատարումից եւ Ֆորդո օբյեկտում ցենտրիֆուգերի օգտագործումը կսկսի դրանց գազ մատակարարելով: