ԱՄԷ-ն շուտով կարող է չեղարկել WhatsApp-ի միջոցով զանգերի արգելքը, հաղորդում է CNBC-ն:

ԱՄԷ էլեկտրոնային անվտանգության ազգային վարչության տնօրեն Մոհամեդ Ալ-Քուվեյթի խոսքով՝ ԱՄԷ-ն ընդլայնել է համագործակցությունը խոշոր տեխնոլոգիական հարթակների հետ՝ ազգային անվտանգության հարցով նախաձեռնության շրջանակում:

«WhatsApp-ի հետ համագործակցությունը փաստացի ընդլայնվել է, եւ այդ ծրագրերից շատերում մենք հայեցակարգի լավ ըմբռնում ենք տեսել: Հնարավոր է, որ ձայնային զանգերի արգելքը չեղարկվի, եւ դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա:

ԱԷՄ-ում արգելված են Skype-ը, FaceTime-ը եւ WhatsApp-ը:

Վերջին տարիներին Պարսից ծոցի այլ երկրներ մեղմել են VoIP-ի նկատմամբ իրենց դիրքորոշումը: Սաուդյան Արաբիան չեղարկել է WhatsApp-ի միջոցով զանգերի արգելքը 2017 թվականին:

Նախորդ տարի հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Microsoft-ը եւ Apple-ը բանակցություններ են վարում ԱՄԷ-ի կառավարության հետ Skype-ի եւ FaceTime-ի արգելքի չեղարկման մասին: Սակայն դրանց տեսա- եւ աուդիոծառայությունները նախկինի պես արգելափակված են:

Ալ-Քուվեյթը խոստովանել է, որ երկրում մեծ թվով միացումների ապահովումը նշանակում է «մի ամբողջ էկոհամակարգի» խնդրի լուծում, ենթադրելով, որ դա կարող է կառավարությունից պահանջել վերանայել այն հարցը, թե ինչպես է տեխնոլոգիական հասանելիությունը հավասարակշռում ազգային անվտանգության հետ: