Հայաստանում բնական պաշարները շահագործում են վայրի մեթոդներով: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց եւ պատասխան» շարքի քննարկման ընթացքում:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են շատ հայեր հեռանում երկրից ավելի լավ կյանքի ակնկալիքով, եւ արդյոք վտանգ չի տեսնում, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի կազմում որպես գուբերնիա, պատգամավորն արձանագրել է Հայաստանի խորացող կախվածությունը: Մեկնաբանելով երկրի սոցիալական վիճակը` Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել առաջարկներով` միտված բնակչության չունեւոր խավերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: «Մեզ պատասխանում են, որ փող չկա, իսկ մենք ասում ենք, որ կա»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքով, խոսքը ոչ միայն բնական պաշարների վայրի շահագործման մասին է, այլեւ հարկերից խուսափելու: Բացի այդ, իրավիճակը բարելավելուն միտված օրենքները խորհրդարանում դատապարտված են ձախողման, քանի որ այնտեղ ներկայացված շահագրգիռ անձինք պարզապես կձախողեն դրանք: Որպես հետեւանք` «ամբողջ աշխարհը դուրս է եկել ճգնաժամից», բացի Հայաստանից:

Հարցին, թե ինչ է անում 120-ամյա ՀՅԴ-ն, Վահան Հովհաննիսյանը կոչ է արել ծանոթանալ իրենց ծրագրին: Ըստ Հովհաննիսյանի` իրավիճակի մեղավորը բոլորն են: «Մենք ինչ-որ գերուժի ենք սպասում, որը կլուծի բոլոր խնդիրները, իսկ մենք կհետեւենք հեռուստացույցով»,- նկատել է Վահան Հովհաննիսյանը: