Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «լուրջ չի վերաբերում» մամուլում իր մասին հրապարակումներին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, թե արքեպիսկոպոսը իր սանիկից թանկարժեք ավտոմեքենա` «Բենթլի» է նվեր ստացել, իսկ Հայաստանի վարչապետից` ատրճանակ, Կճոյանն ասել է. «Զենքով բոլոր երկրներում պարգեւատրում են նրանց, ում գնահատում են: Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»:
Իսկ «Բենթլիից» հրաժարվելու կոչերին պարզապես պատասխանել է. «Նվերից հրաժարվեմ, ի՞նչ անեմ»:
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան մամուլի Նավասարդ Կճոյանն իր սանիկից` ոմն Կիրակոս Պետրոսյանից 180-200 հազար դոլար արժեքով «Բենթլի» մեքենա է ստացել: Կճոյանը նշել էր, թե իր սանիկն իր «Մերսեդեսը» վերցրել է եւ տեղը «Բենթլի» է տվել»:
Իսկ մարտի վերջին «Հետք» պարբերականը տեղեկություն հրապարակեց, ըստ որի սրբազանը Հայաստանի վարչապետից որպես պարգեւ զենք է նվեր ստացել: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից սկզբում ժխտել էին զենք նվեր ստանալու փաստը, բայց հետո, երբ նշվել էր, թե առկա է համապատասխան փաստաթուղթ, գրավոր պատասխան էր տրվել, թե «սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:





























