Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` ապրիլի 6-ին այցելել է Շիրակի մարզ եւ ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա եղել է նաեւ ՀԲ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում: Նրա հետ են եղել նաեւ Առողջապահության, Քաղաքաշինության նախարարները, Գյումրիի քաղաքապետը: Նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցված կենտրոնի շահագործումը նախատեսվում է 2012թ. տարեվերջին:
Որոշվել է «Հայռուսգազարդ» ընկերությանը եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) առաջարկվի ուսումնասիրել Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար, Սալուտ, Բաշգյուղ, Կաքավասար, Սարապետ, Ձորաշեն գյուղերը գազիֆիկացնելու հարցը:
Քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Ի պատասխան հարցադրումների` Ա. Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել գյուղացիական տնտեսություններին մատչելի տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու գործընթացի վերաբերյալ:




























