ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առնվազն վերջին 1,5 տարում չի փորձել միջամտել պետական կառավարմանը Կոտայքի մարզում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրուցյում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Հարցին՝ ԲՀԿ-ի հետ Աբովյանի ընտրություններից հետո հարաբերությունները լարվել էին, հիմա «սառույցը հալվելե՞լ է», հաշվի առնելով, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում է գործարանի բացման, մարզպետն ասաց․  «Հարաբերությունները սառեցնելու, հալեցնելու որևէ խնդիր չեմ տեսնում, եթե վարչապետի մակարդակի միջոցառման մասին է խոսքը, և ներդրումային նախագծի մասշտաբն այնպիսին է, որ անձամբ վարչապետն է մասնակցում, ապա ես միանշանակ է, որ այստեղ պետք է լինեմ։ Մեր հարաբերությունները պետք չէ անձնավորել, պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ, քաղաքական կառավարման մշակույթների տարբերություների, երկրի զարգացման գործում ունեցած տեսակնետների տարբերության մեջ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարողանո՞ւմ է Կոտայքում Ծառուկյանին հակազդել, որին Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց․ «Հակազդելու խնդիր չկա, քանի որ պարոն Ծառուկյանը առնվազն վերջին 1,5 տարում չի փորձել միջամտել պետական կառավարմանը Կոտայքի մարզում։ Որպես խոշոր գործարար իր տնտեսական ազդեցությունը Կոտայքի մարզում խիստ զգալի է, որը ածանցյալ ազդեցություն է ունենում լոկալ քաղաքական պրոցեսների վրա, ինչի ականատեսը եղանք Աբովյանում։ Բայց մյուս կողմից որպես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ առողջ է, որ քաղաքական տեսակետներով մրցակցենք, իսկ օրենքի գերակայության դաշտում այս պահին խնդիր չունենք, իսկ եթե լինի, անձերով չենք պայմանավորելու, գործելու ենք սահմանադրության և օրենքի շրջանակներում»։

Մարզպետը, սակայն, շեշտում է՝ Աբովյանում դեռ կան խնդիրներ տեղական ինքնակառավարման մարմինների վարած քաղաքականության առումով․ «Աբովյանում կան քաղաքական մշակույթի ընդգծված տարբերություն, մեր քաղաքական թիմի, մեր որդեգրած քաղաքական կուրսի, Աբովյանում վերարտադրված ՏԻՄ մարմինների առումով, որոնք ներկայացնում են այլ քաղաքական ուժ։ Այն գնահատականները, որ ժամանակին հնչեցրել եմ, ուժի մեջ են այնքան ժամանակ, քանի դեռ վարքագծի փոփոխություն չենք տեսել, քանի դեռ կառավարման մշակույթի փոփոխություն չենք տեսել, քանի դեռ Աբովյանում աճուրդների, հողային վեճերի, հողհատկացումների առումով չկա անհրաժեշտ թափանցիկությունը, ինչը կա Կոտայքի մարզի բոլոր համայնքներում։ Այդ փաստերով քրեական գործեր են հարուցվել»։