Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «ամերիկյան զորքերը Լիբիայի դեմ գործող կոալիցիոն ուժերից դուրս բերելուց հետո»: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով լիբիական պաշտոնական JANA գործակալությունը:

Քադաֆիի ուղերձի մանրամասներն անհայտ են, բայց լիբիական լրատվամիջոցները չեն բացառում, որ Լիբիայի նախագահն առաջարկել է  քննարկել կրակի դադարեցման պայմանները եւ ընդդիմության հետ բանակցությունների ճանապարհով փոխզիջումային լուծում գտնել:

Հիշեցնենք, որ Լիբիայում ընդդիմության եւ իշխանությունների միջեւ ռազմական դիամակայությունը շարունակվում է փետրվարի կեսերից: Մարտի կեսերին գործին միջամտեցին Արեւմտյան մի շարք երկրներ, ինչպես նաեւ Կատարն ու ԱՄԷ-ն: ՄԱԿ-ի մանդատի համաձայն Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել, իսկ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցնում Քադաֆիի ուժերին:

Նախորդ կիրակի Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը դադարեցնում են օդային հարվածները Լիբիայի ռազմական օբյեկտների վրա: