Թուրքիայում «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեջ մեղադրվող 163 զինվորականների կալանքը ստորագրությամբ ազատ արձակելու դիմումի մերժումը ստիպել է ԶՈՒ գլխավոր շտաբին հանդես գալ հայտարարությամբ եւ իր կայքում տեղադրել դատարանի որոշուման փաստաթղթերը:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն իր հայտարարության մեջ տարակուսանք է հայտնել, որ չեն բավարարվել կալանված 163 զինվորականների ազատ արձակման դիմումները: «Անհասկանալի է, թե ծառայության մեջ եւ պաշտոնաթող 163 զինվորականներին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը»,-նշել է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Նշենք, որ 2010-ի հունվարին  թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասներն, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:

Մեծ մուրճ» հեղաշրջման նախագծի մեջ մեղադրվող  գեներալներից են՝ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Հալիլ Իբրահիմը Ֆըրթնան, ծովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, 1-ին ցամաքային ուժերի հրամանատարության  նախկին հրամանատար Չեթին Դողանը, ԶՈՒ-ի կապի եւ էլեկտրոնային տեղեկատվության համակարգերի հրամանատար Քադիր Սաղդըչը, հյուսիսային ծովային ավազանի հրամանատար Մեհմեդ Օթուզբիրօղլուն եւ այլոք։