Գարեգին Բ-ն ապրիլի 6-ին Ս. Աստվածածնի տոնի նախօրեին ընդունել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած Հայ կանանց միջազգային միության անդամներին:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Սփյուռքի նախարարը Կաթողիկոսին է ներկայացրել միության նպատակը եւ գործունեությունը, մեծապես կարեւորելով եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-ընտանիք հարաբերությունների ամրապնդումը:
Գարեգին Բ-ն շնորհավորել է կանանց առաջիկա տոնի առիթով` մաղթելով, որ հայ կինն իր լուսավոր կերպարով ու հոգու ջերմությամբ ամենուրեք գեղեցկացնի հայ կյանքը:
Անդրադառնալով Ավետման եւ Մայրության տոների խորհրդին` Կաթողիկոսն ընդգծել է, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների եւ գիտակցության, որ հայ մարդն ունի հանդեպ հայ կինը, նրա կարեւոր առաքելությանը ազգային կյանքում:
Նա խոսել է նաեւ եկեղեցի-ընտանիք կարեւոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգեւոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ եւ մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ եւ աստվածահաճո կյանքը:
Միության անդամներն իրենց հերթին կարեւորել են եկեղեցու կարեւոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնեցին զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում:





























