Իրանի միջուկային ծրագրի շուրջ ժնեւյան խորհրդակցությունների նախաշեմին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Թեհրանի հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլիի, պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է երկխոսություն վարել Թեհրանի հետ՝ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով։

Ըստ նրա, Իրանի միջուկային ծրագիրը դրա ռազմական բնույթի պարագայում չի կարող օգուտ բերել այդ երկրին։ «Միջուկային սպառազինության ծրագիրը կվնասի Իրանի ու Մերձավոր Արեւելքի կայունությանը։ Իրականում Իրանը պետք է ընտրություն կատարի, իրենք պետք է մեզ ու միջազգային հանրությանը համոզեն, որ դա խաղաղ ծրագիր է։ Հակառակ դեպքում Իրանի նկատմամբ կարող են կիրառվել միջազգային պատժամիջոցներ եւ երկիրը կհայտնվի մեկուսացման մեջ»,- նշել է նա։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, որն առաջ է եկել Իրանում ուրանի հարստացման երկրորդ կենտրոնի առկայության մասին տեղեկատվության պատճառով, Իսլամական հեղափոխության պահապանների ընտրյալների կորպուսը (ԻՀՊԸԿ) անց է կացրել հրթիռների լայնամասշտաբ փորձարկումներ՝ «Մեծ մարգարե-4» ծածկանվամբ։