Ստամբուլում բացվել է Տիեզերքի եւ չբացահայտված թռչող օբյեկտների «Սիրիուս» գիտահետազոտական կենտրոնի ՉԹՕ-ների (չհայտնաբերված թռչող օբյեկտ) շրջիկ ցուցահանդեսը։ Hurriyet Daily News and Economic Review-ի փոխանցմամբ՝ կենտրոնի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով կկարողանան հոռետեսներին համոզել, որ այնուամենայնիվ «այլմոլորակայինները ազատ շրջում են երկրի վրա»։

Կենտրոնի տնօրեն Հաքթան Աքդողանը ասել է, որ ծրագիրը նպատակ ունի թուրք ազգին ներկայացնել այն գաղտնի տեղեկատվությունը, որ մարդիկ միակ բանական էակները չեն Երկրի վրա։ «Կներկայացվեն բազմաթիվ լուսանկարներ, գաղտնի փաստաթղթեր, վիզուալ նյութեր, որոնք ապացուցում են, որ այլմոլորակայիններ կան Երկրի վրա»,- ասել է ՉԹՕ հարցերով զբաղվող թուրք մասնագետը։