Հայաստանի ԱԳՆ-ում այսօր` ապրիլի 7-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի ԱԳՆ-ների միջեւ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի ու Էստոնիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվել են Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին:
Էստոնացի դիվանագետներին ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Անդրադարձ է կատարվել հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կարեւորվել է ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտությունը եւ այդ հարցում էստոնական կողմի աջակցությունը:





























