Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման, մշակութային եւ կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Գյումրիում Իտալիայի Պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հանդիպման ժամանակ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Անտոնիո Մոնտալտոն քաղաքապետին է ներկայացրել իր ղեկավարած կրթամշակութային հիմնադրամի գործունեության ոլորտները, ցանկություն հայտնելով ներդրումային ծրագիր իրականացնել նաեւ Երեւանում։

Ընդգծելով, որ քաղաքապետարանը բաց է եւ պատրաստ ցանկացած կառուցողական առաջարկություն քննարկելու, Երեւանի քաղաքապետն առաջարկել է  ներկայացնել ներդրումային ծրագրի կոնկրետ առաջարկություններ, որոնք, հավանության արժանանալու պարագայում, անպայման կյանքի կկոչվեն։