Հայ տղամարդիկ կարող են ազատ շունչ քաշել. կանանց միամսյակն այլեւս ավարտված է։ Ավարտված է ի ուրախություն հենց իրենց՝ տղամարդկանց, ինչը չես ասի կանանց մասին, ովքեր առավել լավ նվերներ եւ ջերմ շնորհավորանքներ ստանալու ակնկալիքով սպասելու են արդեն հաջորդ տարվա մարտիության-ապրիլյոթյան տոներին։ Գոնե նման տեսակետ հայտնեցին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցած երեւանցի իգական սեռի մի շարք ներկայացուցիչներ։
Նրանք փաստեցին, որ այս միամսյակը նախորդներից առանձնահատուկ ոչ մի բանով չի տարբերվել։ Ճիշտ է, շնորհավորանքներ եւ ծաղիկներ եղել են, սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց շրջապատի տղամարդկանցից շատ անգամ լսել են նաեւ «ուֆ, երբ ա՞ վերջանալու էս միամսյակը» փնթփնթոցը։
Կիսաֆաբրիկատների արտադրությունում աշխատող Արփինեն, օրինակ, ասաց, որ վերոնշյալ արտահայտությունն այս միամսյակի ընթացքում ամենից շատ լսել է աշխատավայրի տղամարդ-գործընկերներից։ «Չգիտես՝ ինչու, այս տարի նրանց դժգոհությունն առավել ընդգծված էր՝ չնայած որ կանանց նման նրանք էլ երկու տոն ունեն՝ հունվարի 28-ը եւ փետրվարի 23-ը»,- պատմեց Արփինեն։
Կոսմետոլոգ Իրինան էլ նշեց, որ թեպետ ինքն այս տարի բավական թանկարժեք հեռախոս եւ օծանելիքներ է նվեր ստացել, սակայն անհամբերությամբ սպասելու է հաջորդ միամսյակին, որպեսզի շրջապատի տղամարդիկ իրեն ավելի շոշափելի նվերներ մատուցեն։ «Ես այն կանանցից չեմ, ովքեր ասում են, որ նվերի գինն իրենց համար կարեւոր չէ։ Ես թանկարժեք նվերներ եմ սիրում, ու չեմ ամաչում դրա մասին բարձրաձայն ասել»,- ասաց նա:
Ուսանողուհի Լուիզան իր հերթին ասաց, որ թեպետ տպավորիչ նվերներ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում չի ստացել, սակայն զգացել է, որ կուրսեցիները եւ ընկերները, փնփնթոցներին զուգահեռ, շնորհավորանքների մեջ ավելի ջերմ եւ սրտաբաց են դարձել։
Արական սեռի «շնորհքով հիացած» (բացասական առումով) Սիրանույշն ասաց, որ ի տարբերություն անցած տարիների՝ հարազատ եւ գործընկեր տղամարդիկ այս տարի պակաս առատաձեռն են եղել, եւ որ ինքն իրեն շատ անտեսված է զգացել։ «Կցանկանայի, որ հաջորդ տարի այսպես չլիներ ավելի շատ ծաղիկներ, շնորհավորանքներ ու նվերներ ստանայի»,- մի փոքր տխուր նշեց նա։
Նշենք, որ ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն։ Այդ օրը հայ առաքելական եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:





























