ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում  Արցախի իշխանությունների  եւ հասարակության հետ ուղիղ շփումներ հաստատելու Եվրախորհրդարանի կոչը:

«Սա Եվրախորհրդարանի պատգամավորների Արցախ այցելությունների,  ինչպես նաեւ եվրապատգամավորների հետ մեր պատգամավորների, ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ երկրներում մեր դիվանագետների կողմից կատարված նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է»,- ասել է նա, մեկնաբանելով այսօր` ապրիլի 7-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդունած «Եվրոպական Հարեւանության քաղաքականության ամփոփում» բանաձեւի դրույթները:
Շարմազանովը նաեւ կարեւոր է համարել, որ արդեն Եվրախորհրդարանը ֆիքսել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հավասարազորությունը միջազգային իրավունքի այլ սկզբունքներին:

Նա նաեւ հռետորական հարց է ուղղել, թե այս պարագայում տեսնես ինչպե՞ս կարձագանքեն անցյալ տարի ԵԽ մեկ այլ բանաձեւի ընդունման կապակցությամբ մեր դիվանագիտությունը քննադատողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանն այսօր` ապրիլի 7-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական Հարեւանության Քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձեւը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արեւելյան ուղղությամբ:

Բանաձեւի 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները, եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով: