Երեւանում այսօր` ապրիլի 7-ին  տեղի է ունեցել «Մարդը եւ տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

«Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Ֆիլատելիստների Միության լավ գործընկերներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին, գլխավոր հովանավոր «Կիլիկիա» գարեջրի գործարանին, հովանավորներ «Հայփոստ» եւ «Յունիկոմպ» ընկերություններին», - ասել է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Արդեն որերորդ անգամ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ՀՖՄ-ի հետ համատեղ իրականացնում է հանրապետական եւ միջազգային նշանակության ցուցահանդեսներ, որոնց հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը: Նամականիշների՝ որպես պետության խորհրդանիշներից մեկի մասին իրազեկության բարձրացումը կարեւորագույն գործոն է երիտասարդության արժեքային համակարգի ձեւավորման մեջ», - ասել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Բացման արարողությանը ներկա է եղել Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք եւ պատվավոր հյուրեր: