Հայ տղամարդկանց մեծ մասը ցնծության մեջ է՝ վերջապես ավարտվեց կանանց «միամսյակը»: Բանն այն է, որ տղամարդիկ հաճախ, կանգնում են հետեւյալ գլուխկոտրուկի առաջ՝ ի՞նչ նվիրել կամ ի՞նչ մաղթել մեկ ամիս անընդմեջ:
«Լավ, ասենք մարտի 8-ին ծաղիկ կամ օծանելիք նվիրեցի, բա ապրիլի 7-ին ի՞նչ նվիրեմ»,-մտածմունքների գիրկն են ընկնում տղամարդկանցից շատերը: Եվ ահա այստեղ է, որ գալիս է սփոփիչ պատասխանը. «Լավ, է~, ապրիլի 7-ն՝ ի՞նչ տոն, ՀՀՇ-ի ժամանակ մտցված արհեստական տոն ա, ի՞նչ կարիք կա նեղություն քաշել՝ բուկետի, բացիկի, կիսազուգագուլպայի կամ դեզադորանտի վրա անիմաստ փող ծախսել…»:
Մոտավորապես այսպես է մտածում նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նա ասաց, որ իրենց ընտանիքում ընդունված է նշել մարտի 8-ը՝ որպես «պապենական ժամանակներից եկած տոն»: «Իսկական տոնը մարտի 8-ին ա եղել: Հետո, երբ որ ՀՀՇ-ն էր իշխանության գտնվում, մարտի 8-ը վերացրեցին, ապրիլի 7-ը նշանակեցին որպես կանանց տոն: Հետագայում, մարտի 8-ը վերականգնվեց, եւ մենք ապրիլի 7-ը չցանկացանք հանել, որպեսզի կանանց չվիրավորենք: Եւ քանի որ ես սովետական ժամանակներից եկող մարդ եմ, միշտ մարտի 8-ն եմ համարում կանանց տոնը»,-NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե ո՞վ է տոների հարցում սովետական ժամանակների ավանդույթներով շարժվող Ռաֆիկ Պետրոսյանի համար կանացիության, մայրության եւ գեղեցկության էտալոնը: «Այդպիսի կոնկրետ անձնավորություն չկա, որ իդեալականացնեմ: Ես կնոջը պատկերացնում եմ հետեւյալ կերպ՝ պետք է լինի եւ գեղեցիկ, եւ հիմանակնում պետք է կատարի ազգի վերարատադրողականության ֆունկցիան, եւ եթե հնարավորություն ունի՝ զբաղվի նաեւ հասարակական գործունեությամբ»,-անկեղծացավ պատգամավորը: Իսկ համաշխարհային հռչակ վայելող կանաց մեջ կա՞ն այնպիսիք, որոնք իդեալ են իր՝ պատգամավորի համար, օրինակ՝ Սոֆի Լորենը, Բրիջիտ Բորդոն….: «Չէ~, չէ~…նրանք էդպես գեղեցկության եւ համեստության տիպար չեն»,-խոցված հայտարարեց Պետրոսյանը եւ հավելեց, որ իր համար նախընտրելի են հայ կանայք, քանի որ նրանք «ավելի նվիրված են եւ վստահելի»:
ԱԺԴ նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն, ի տարբերություն իր կոլեգայի, ոչ մի սարսափելի բան չի տեսնում կանանց տոնը տարին երկու անգամ նշելու հարցում: Նա Պետրոսյանի պես ժլատ չգտնվեց եւ առաջարկեց «կանանց միամսյակ» հասկացությունը վերացնել եւ բառապաշար ներմուծել «կանանց 11-ամսյակ» հասկացությունը՝ կանաց տոնի նշումը սկսելով ապրիլի 7-ից մինչեւ մարտի 8: «Իհարկե մի քիչ դժվար է 11 ամիսը հակառակ ցիկլով նշել: Ամեն օր շնորհավորելը մի քիչ սիրուն չի լինի, բայց գոնե այդ մի ամիսը ավելի հոգատար եւ ուշադիր լինենք եւ միամսյակի սկիզբն ու վերջին ակորդը ինչ-որ մի կերպ նշենք»,-առաջարկեց Սադոյանը:
Նախկին պատգամավորը նույնպես կանացիության եւ գեղեցկության իդեալ չունի, քանի որ իր ժամանակ բոլորովին այլ չափանիշներով էին կանանց գեղեցկությունն ու այլ որակները գնահատում, այժմ՝ այլ: Եվ բացի այդ, ըստ նրա, ամեն մի ժողովուրդ ունի գեղեցկության մասին իր պատկերացումները: «Մեր ժամանակներում, երբ ես երիտասարդ էի, այլ արժեհամակարգ էր իշխում: Համեստությունը, նրբագեղությունը, խոնարհությունը, ամաչկոտությունը կանացի գեղեցկության դրսեւորումներ էին համարվում: Իսկ հիմա մոդայիկ եւ ընդունված են համարվում, ասենք,Նաոմի Քեմփբլի տիպի կանայք, այսինքն՝ բոյով, ուժեղ եւ հզոր, ինչը մեզ համար տարօրինակ է»:
Իսկ Արշակ Սադոյանի համար արդյոք գեղեցկության էտալո՞ն են նույն Բրիջիտ Բորդոն կամ Սոֆի Լորենը: «Ինձ համար, մի քիչ դժվար է հզոր կրծքերով Բորդոյին համեստ, խոնրահ համարել: Իհարկե, նրա մոտ նույնպես ինչ-որ լավ բաներ կան…Բայց բոլոր դեպքերում արժեր, որ մենք պրոպագանդեինք հայկական գեղեցկությունը»: Թե ո՞րն է գեղեցկության այդ տիպը, Սադոյանը հեռախոսով դժվարացավ նկարագրել:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չկարողացավ զսպել իրեն, երբ հայտնեցինք, որ կան տղամարդիկ, ովքեր «ընդունելի» են համարում մարտի 8-ը: «Հազիվ եմ զսպում ինձ, որ այդպիսի մարդկանց հասցեին չօգտագործեմ բառեր, որոնք տիպական են նրանց: Իմ չօգտագործած բառերի մեջ են բոլշեւիկ, շանորդի, կոմունիստական թափթփուկ եւ այլ բառերը: Գոնե եթե իրենք ասեին, որ ապրիլի 7-ը նշենք՝ հերիք է, գուցե համակերպվեի, բայց քանի որ մարտի 8-ին նախապատվություն տվողները բոլշեւիկի ճտեր են, ես մխիթարական եմ համարում այն հանգամանքը, որ ոչ պաշտոնապես նշվում է կանանց միամսյակը»:
Ինչ վերաբերում է նրան, որ կանանց տոնը պետք է տարին մեկ անգամ նշել, ապա Հայրիկյանն ասաց. «Տղամարդ կոչվածի հիմնական առաքելությունը կնոջը սպասավորելն է եւ դրա համար մեկ օրը քիչ է: Եթե կարգին տղամարդ ես, պիտի սպասավորես 366 օր, ոչ միայն որպես սիրո նշանակակետ: Ի վերջո, կինը տղամարդուն մխիթարություն, երջանկություն պարգեւելու համար Աստծո ստեղծածն է: Դու Աստծո ստեղծած երջանկությունից առավել ուրիշ բա՞ն պիտի գտնես»,-նկատեց Հայրիկյանը: Նա խոսեց նաեւ կանացիության իր էտալոնի մասին: Ասաց, որ այն երջանիկներից, ով ունի այդպիսի մեկին, սակայն չասաց նրա անունը: «Ես երբեք իմ զգացումների կրողի անունը չեմ տալիս»,-ասաց նա:
Պատրաստեց՝ Հեղինե Մանուկյանը





























