Հայաստանում գործում է «Փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգը» եւ «Ավիացիայի մասին» օրենք, սակայն օրենսդրական այս փաթեթը խոչընդոտում են Հայաստանում սիրողական ավիացիայի զարգացմանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ավիասպորտի սիրահարների ակումբներ չկան, իսկ ոլորտը կարգավորող օրենքն ուղղակի հնարավորություն չի տալիս ավիասպորտի սիրահարներին զբաղվել սիրած սպորտաձեւով։
«Փոքր ավիացիայի գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթը, սիրողական օդաչուի համար նախատեսում է հսկայական փաստաթղթերի ձեռքբերում, իսկ եթե դրանք չունես, ստիպված պետք է լինես հսկայական գումարներ վճարել ավիափոխադրող որեւէ հայկական ընկերության, որպեսզի նրանցից թույլտվություն ստանաս եւ կարողանաս կազմակերպել քո թռիչքը»,-ասաց գնդապետ Բալայանը։ Նրա խոսքով՝ պետք է հատուկ մոտեցում ցուցաբերվի ու մի փոքր ավելի մեղմացվի այդ ամենը:
«Իհարկե ամեն ինչում պետք է օրենք լինի, բայց այնպիսի գործող օրենք, որը հնարավորություն կտա այդ ամենն ավելի հեշտ կատարել, իսկ մեզ մոտ եթե համեմատենք օրինակ՝ Եվրոպայի կամ Ամերիկայի հետ, այս գործընթացը շատ է բարդեցված եւ այն պետք է վերանայել»,-ասաց Դ. Բալայանը։ Նրա խոսքով՝ վերջին 20 տարում Հայաստանին շատ հարցերով փրկել է հենց ավիացիան, ուստի պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի օդային տրանսպորտի սիրահարներին աջակցելու համար, եւ գուցե մի օր նրանք եւս պետության համար անհրաժեշտ լինեն:




























