Կիբեռհանցավորությունը, այս բառի դասական ընկալմամբ, դադարել է գոյություն ունենալ: Այս մասին այսօր ArmSec համաժողովում քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այս դեպքում խոսքը «կիբեռխարդախների մասին» է, որոնք վաստակում են որոշ օգտատերերի չիմացության եւ անգրագիտության հաշվին: Նման կարգի հանցագործությունները կան եւ միշտ կծաղկեն, քանի որ մարդիկ սխալների վրա չեն սովորում, վստահ է փորձագետը: Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ խոսքը վերաբերում է լուրջ կիբեռհանցագործներին, որոնք ներկայումս փոխակերպման շրջան են ապրում:

«Այսօր կիբեռհանցավորությունը սկսում է անհետանալ: Սակայն չի վերանում, պարզապես կերպարանափոխվում է՝ նման այն բանին, ինչ տեղի է ունենում «Լարովի Նարինջի» դեպքում»,- նշեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ ներկայումս կիբեռհանցագործներին իրավապահ կառույցներն ակտիվորեն ձերբակալում են: Նրա գնահատմամբ՝ ներկայումս իրականացղվում է անցումային փուլ, որի ընթացքում կիբեռխմբավորումները կա՛մ իրենց գոյությունը դադարեցնում են, կա՛մ «գրանցվում» են պետությունների կողմից: Մարտիրոսյանը վստահ է, որ ներկայումս բոլոր լուրջ կիբեռհանցագործություններն իրականացվում են կա՛մ պետական օժանդակությամբ, կա՛մ իր՝ պետության կողմից: «Այն, ինչ նախկինում մեր պատկերացմամբ անում էին միայն կիբեռհանցագործները, այսօր անում են պետությունները»,- հայտարարեց նա:

Այս գործընթացների ֆոնին պետությունները օրենսդրություններ են փոխում՝ ըստ էության, օրինականացնելով այն, ինչ նախկինում կատարում էր կիբեռհանցավորությունը: «Պետություններն օրինականացնում են սեփական քաղաքացիների դեմ կիբեռհարձակումները, բայց դա, բնականաբար, այլ կերպ են անվանում, գեղեցիկ փաթեթավորում են եւ հանրությանը սնուցում»,- հայտարարեց փորձագետը: Նա ընդգծեց, որ, օրինակ, Ռուսաստանում այսօր անհնար է կրիպտոպաշտպանված մեսենջեր ստեղծել՝ «ԱԴԾ-ին չներկայացնելով բանալիները»: «Այլ խոսքով՝ մեսենջերը պաշտպանված է դառնում ձեր հարեւանից, բայց ոչ ԱԴԾ-ից»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում արգելված է որոշակի մակարդակում ձեր կրիպտոպաշտպանությունը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ երկիրը որոշակի պարտավորություններ ստանձնեց, որոնց համաձայն չի թույլատրվում այստեղ նաեւ կիբեռպաշտպանվածության բարձր մակարդակով ծրագրերի եւ սարքավորումների ներմուծումը: «Անկեղծ ասած՝ Հայաստանում լիովին հստակ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Եվ այս տեսանկյունից մենք վատ վիճակում չենք»,- նշեց Մարտիրոսյանը:

Այլ խոսքով՝ ներկայումս իրականացվում է ընդհանուր քաղաքականություն, որի համաձայն պետությանը տրվում է բռնության մենաշնորհ, այդ թվում՝ նաեւ կլիբեռբռնության: «Եթե այս ամենին նայենք կողմնակի հայացքով, ակնհայտ է դառնում, որ պետություններն օրենքներ են ընդունում եւ կառույցներ են ստեղծում, որոնք կոչված են կիբեռբռնության այդ մենաշնորհի առկայության ապահովմանը»,- նշեց Մարտիրոսյանը: