Մի շարք երկրներ դիտարկում են Պարսից ծոցում անվտանգության հարցով իրանական խաղաղ նախաձեռնությունը։ Նրանցից երեքն արդեն դրականորեն են արձագանքել դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, հայտնում է Mehr-ը։
Մուսավին դատապարտել է Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ծովային կոալիցիայի գաղափարը՝ հայտարարելով, որ «Իրանը օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում գնահատում է որպես անկայունության պատճառ»։ «Մենք մեր հարեւաններին ասել ենք, որ անվտանգությունը չի կարող ներկրվել, այն պետք է ձեռք բերվի բոլոր շահագրգրռ երկրների միջեւ կոլեկտիվ համագործակցության միջոցով»,- հավելել է նա։ «Բոլոր երկրները պետք է մասնակցեն տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, եւ Hormuz Peace Endeavour անվանումով Իրանի խաղաղ նախաձեռնությունը ձգտում է հասնել այդ նպատակին ու նպաստել տարածաշրջանում անվտանգությանը»,- ասել է Մուսավին՝ հավելելով, որ Իրանը հայտարարել է, թե բոլոր երկրները կարող են մասնակցել այդ նախաձեռնությանը, եւ այդ հարցով նախագահ Հասան Ռուհանիի նամակը ուղղված է Պարսից ծոցի վեց առափնյա պետություններին, ինչպես նաեւ Իրանին։
«Մեն հուսով ենք, որ նրանք դրական կարձագանքեն խաղաղության մեր կոչին»,- ընդգծել է Մուսավին։
«Որոշ երկրներ ողջունել են այդ նախաձեռնությունը, որոշները դեռեւս ուսումնասիրում են այն, իսկ երեքն արդեն դրական պատասխան են տվել»,- հավելել է նա։




























