Ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանում ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am-ը: Կայքի վարումն ու տեխնիկական սպասարկումն իրականացնում է Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականին ընդունված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»: