Ասգարդիա տիեզերական թագավորությունը պետություն ստեղծելու նախագիծ է՝ բացառապես տիեզերական տարածքում,  հարյուր հազար անդամով, որոնք քաղաքացիության հարկ են վճարում, եւ խորհրդարանով, որը սկսել է այդ հասարակության հիմքերը ձեւավորել, հայտնում է HighTech+-ը։

Ասգարդիայի նպատակը մինչեւ 2043 թվականը իր քաղաքացիներին հսկայական տիեզերական այն կայան ուղարկելն է, որը գտնվում է Երկրի իրավասությունից դուրս, որպեսզի «նոր ժողովրդավարական հասարակություն» կառուցվի։ Եւ դրա համար նրանց անհրաժեշտ կլինի տիեզերական ընկերությունների ղեկավարներ Իլոն Մասկի կամ Ջեֆ Բեզոսի նման մեկի օգնությունը։

«Ակնհայտ թեկնածուները SpaceX-ը եւ Blue Origin-ն են։ Նրանք առաջին թեկնածուներն են , երբ խոսքը տիեզերական թռիչքների մասին է։ Նրանց հրթիռները տաքսի են, որոնք կարող են մեզ տանել այնտեղ, որտեղ ուզում ենք»,- BI-ին տված հարցազրույցում ասել է ներկա նախագծի ղեկավար, բրիտանացի նախկին քաղաքական գործիչ Լեմբիտ Օպիկը։

Չնայած նրան, որ Ասգարդիան գրանցված է որպես հասրակական կազմակերպություն, Օպիկը նրա մեջ լիարժեք առեւտրային պետություն է տեսնում՝ «բացարձակ ֆունկցիոնալ կապիտալիստական տնտեսությամբ»։ Մասնավոր ընկերությունները կգործեն երկրի ներսում ՝ նրա քաղաքացիներին ապահովելով անհրաժեշտ ապրանքներով եւ ծառայություններով՝ անկշռելիության պայմաններին համապատասխան գրիչներից մինչեւ ապահովագրություններ։

Համացանցում անցկացված ընտրություններում հայտնվել է Ասգարդիայի 150 պատգամավոր։ Վարչապետ է դարձել վենեսուելացի իրավաբան Անա Դիազը, իսկ գերագույն դատարանի նախագահ Հոնկոնգից Չժաո Յունը։ Օպիկը ընտրվել է խորհրդարանի ղեկավար։ Այժմ նախագծում կա մասնակիցների երեք տեսակ՝ «կողմնակիցներ», «բնակիչներ» եւ «քաղաքացիներ»։ Առաջիններն ավելի քան միլիոն են, երկրորդները՝ 300 000, եւ բոլոր նրանք վճարում են տարեկան 100 դոլարի չափով հարկ։

Այս շաբաթ խորհրդարանը կքննարկի, թե ինչքան գումար վերցնեն քաղաքացիներից այն բանից հետո, երբ նրանք բնակություն կհաստատեն Ասգարդիայում։

Նախագիծը հիմնադրվել է 2016թ․՝ ռուս գործարար եւ քաղաքական գործիչ Իգոր Աշուրբեյլիի կողմից։ 2017թ․ պետությունը Երկրի ուղեծիր է ուղարկել փոքրիկ արբանյակ՝ 512 ԳԲ կոշտ սկավառակով, որի վրա ձայնագրված են երկրի սահմանադրությունը, ազգային խորհրդանիշը եւ քաղաքացիների մասին տվյալներ։

ՄԱԿ-ի օրենքով՝ Ասգարդիան տեխնիկապես կարող է հասնել իր ինքնիշխանության ճանաչմանը, եթե քաղաքացիություն ցանկանա ընդունել ավելի քան 100 000 մարդ։ Միաժամանակ, Տիեզերքի մասին պայմանագրի որոշ հոդվածներ արգելում են տիեզերական տարածքը որեւէ պետության սեփականությունը համարել։ Այնուամենայնիվ, Օպիկը վստահ է նախագծի հաջողության մեջ եւ ընդգծում է, որ Ասգարդիան պետք է պահպանի չեզոքություն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Երկրի վրա։