Հայաստանի վրա Ճապոնիայի ռադիացիան չի ազդել: Այսօր` ապրիլի 8-ին այս մասին ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով`չնայած ե’ւ ջուրը, ե’ւ օդը անընդհատ պտույտի մեջ են գտնվում, բայց, բարեբախտաբար, Ճապոնիայի տարածքից անմիջականորեն օդային հոսանքներ չեն հասել Հայաստանի տարածք:
Եթե նույնիսկ մի ամբողջ պտույտ կատարելուց հետո որոշակի տեղափոխություն լինի մթնոլորտում, ապա «Հայպետհիդրոմետում» կիմանան, քանի որ այժմ հաճախեցված ռեժիմով կատարվում է ռադիացիոն մոնիտորինգ, չափումներ են կատարվում եւ առայժմ չափանիշները գերազանցող որեւէ տվյալ չի գրանցվել:
«Հայաստանի համար ռադիացիան 17-19 միկրոռենտգեն-ժամի սահմաններում է տատանվում, լեռնային շրջաններում փոքր-ինչ ավելի է: Վտանգավոր համարվում է 60 միկրոռենտգեն-ժամը, որեւէ փոփոխություն նորմայից առայժմ չկա»,- ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը:
Նշենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ռադիացիոն հոսանքը հասել է բազմաթիվ երկրներ, այդ թվում` Թուրքիա:





























