Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ կատարելու նպատակով, «Երեւանտրանս»  ՓԲԸ-ն ապրիլի 11 - 30-ը ուսումնասիրություններ կիրականացնի։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ տեղեկատվություն կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի եւ սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի (շարժակազմի քանակ, շարժման միջակայքերի ապահովում եւ այլն), վարորդների արտաքին տեսքի (արտահագուստ, սափրված լինել եւ այլն) եւ նրանց կողմից թույլ տրվող խախտումների Կքննարկվի առանձին կազմակերպությունների երթուղու սպասարկման իրավունքից զրկելու, ինչպես նաեւ հետագայում կայանալիք մրցույթներում նման կազմակերպությունների մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ հարցեր։

Միաժամանակ հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն կտա ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ երթուղիների աշխատանքները կանոնավորելու եւ սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ։