Երեւանում բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտները պետք է կառավարվեն մասնավորի կողմից: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հայ-բրիտանական Գործարարության պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը, քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում ներդրողների համար դյուրին, հարմարավետ եւ գրավիչ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ:
Ի պատասխան քաղաքապետի դիտարկման, հայ-բրիտանական Գործարարության պալատի նախագահ Ալան Կուտչուկյանը ողջունել է քաղաքապետի մոտեցումները Երեւանի կառավարման հարցում եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել քաղաքապետարանի հետ:
Կողմերը քննարկել են նաեւ տրանսպորտի կառավարման, կրթության ոլորտներին եւ աղբահանության կառավարմանն առնչվող հարցեր:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բրիտանական կողմն առաջիկայում հանդես կգա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջարկով:




























