Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 8-ին ընդունել է ռուսական «Ռոսկոսմոս» գործակալության պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում: Պատվիրակությունը գլխավորում է տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակի տոնակատարությանը եւ հպարտանում, որ ժամանակին լինելով մի մեծ եւ ընդհանուր երկրի կազմում, հայերը կարողացել են իրենց զգալի ներդրումն ունենալ տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստման, տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:
«Մենք իսկապես հպարտանում ենք մեր ընդհանուր պատմության հերոսական դրվագներով: Կարծում եմ, ով չի հիշում անցյալը` չի կարող ունենալ ապագա: Ես շատ ուրախ եմ, որ այդ միջոցառումների հասցեատերն առաջին հերթին երիտասարդությունն է, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են այդ ժամանակաշրջանը: Ուրախալի է, որ նրանք ոչ միայն հասցեատերն են, այլ իրենք էլ ակտիվորեն մասնակցում են միջոցառումների անցկացմանը: Սա լավ առիթ է երիտասարդներին բացատրելու, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր ունեն գիտելիք, խիզախ են, ունեն համառություն»,- ասել է նա:
Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ թերթելով անցած 50 տարիների խորհրդային տիեզերագնացության պատմությունը, ծանոթանալով փաստագրական բացառիկ նյութերի, եւս մեկ անգամ համոզվել են, թե որքան մեծ է եղել հայերի ներդրումը տիեզերքի ճանաչման ու տիեզերագնացության զարգացման գործում:




























