Հայաստանից Ֆրանսիա մեկնելը օրինական ճանապարհով ե’ւ ավելի էժան է, ե’ւ ավելի հեշտ, միայն տեխնիկական ու ժամանակի խնդիր է: Գյումրիում այսօր` ապրիլի 8-ին «Ինստիտուցիոնալ աջակցություն միգրանտների վերաբերյալ տեղեկատվությանը եւ hամագործակցություն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանից Ֆրանսիա անօրինական ներգաղթի վտանգների եւ օրինական միգրացիայի ուղիներին:
«5-6 հազար դոլար ծախսելու փոխարեն կարելի է դիմել Ֆրանսիայի դեսպանատուն, վիզայի տրամադրման արժեքն ընդամենը 60 եվրո է: Այդպիսով միգրանտն օրինական ճանապարհով կհայտնվի մեր երկրում, ինչը կարծում եմ, որ ավելի լավ տարբերակ է: Նրան Ֆրանսիայում ավելի լավ կվերաբերվեն, կտրամադրեն ապաստան առանց որեւէ դժվարության: Միայն թե վիզայի տրամադրման գործընթացը կարող է երկարաձգվել մինչեւ 5 ամիս»,-ասել է Ֆրեդերիկ Գրապեն`շարունակելով. «Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանից արտագաղթող քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունից հետո, ավելի շատ գերադասում են ապաստան գտնել Ֆրանսիայում: Դա հիմնականում կատարվում է անօրինական ճանապարհով»:
Հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, թե շատերը մեկնում են տարբեր երկրներ ու պարզապես հանձնվում՝ նշելով, թե քաղաքական հալածանքների են ենթարկվում Հայաստանում: 46 երկրներում հայերի կողմից նմանատիպ 6400 հայցեր են ներկայացվել:
Գագիկ Եգանյանն այնուամենայնիվ նշել է, թե միգրացիոն հոսքերն Հայաստանից իրականում այնքան էլ մեծ չեն: Շիրակի մարզային միգրացիոն ծառայության տվյալները, թե այդ մարզից հեռացողների թվաքանակը վերջին շրջանում մի քանի անգամ ավելացել է, եւ որ այս առումով իրավիճակն անհանգստացնող է, Գագիկ Եգանյանը համարել է պարզապես կենցաղային մակարդակի խոսակցություններ: «Նման խոսակցությունները նրա համար են, որ վիճակն ավելի սրեն, որ ասեն սոցիալական սուր վիճակ է: Նման խնդիր չկա, միգրացիան վերահսկելի է Հայաստանում»,-ասել է Գագիկ Եգանյանը:




























